Հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում, «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շրջանակներում ցուցադրվելու է 2011թ. Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացած Թերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը, տեղեկացնում է կինոփառատոնի մամլո ծառայությունը:
«Կենաց ծառ» երևակայական դրաման պատմում է մի ընտանիքի մասին: Անդրադարձ է արվում տիեզերքին, մարդկային հարաբերություններին և ընտանեկան արժեքներին: 11-ամյա Ջեքը իր հոգու հայացքով ընկալում է կյանքը, ինչպիսին որ կա: Իրականությունը փոխվում է, երբ երեխան առաջին անգամ հանդիպում է կյանքի դաժանություններին, իր պատկերացումները կյանքի մասին նրան գցում են լաբիրինթոսի մեջ: Ռեժիսորը օգտագործելով մանկական հիշողությունները՝ մարդկային կյանքը համադրում է տիեզերքի ընկալման հետ: Մալիկը պարզ թվացող «Կենաց ծառ» հասկացությանը տալիս է տիեզերական կարևորություն: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են դերասաններ Բրեդ Փիթը և Շոն Փենը:
Մալիկը նկարահանել է ընդամենը 4 ֆիլմ, որոնք արժանացել են բարձր գնահատականի: Կաննում մրցանակի հանձմանը ռեժիսորը ներկա չի եղել, քանի որ նա երբեք չի հանդիպում լրագրողների հետ և չի մասնակցում կինոփառատոներին:





