AM
1 Հուլիս 2011 - 14:16 AMT

Ուկրաինայում բացվելու է Վ. Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսը

Հուլիսի 2-ին Ուկրաինայի գրականության ազգային թանգարանում բացվելու է գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1924 թթ.) աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվելու Հայաստանի և Ուկրաինայի նախագահները, իսկ բացմանը ելույթով հանդես է գալու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ցուցահանդեսը բացվելու է Ուկրաինայում հայկական մշակույթի օրերի շրջանակներում:

Ցուցահանդեսին ներկայացվելու են Սուրենյանցի ավելի քան 20 գեղանկարներ, 10-ից ավելի գծանկարներ, Ա. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի ձևավորումները, Օսկար Ուայլդի, հայկական հեքիաթների բազմաթիվ նկարազարդումներ: Ցուցահանդեսում ընդգրկվելու են նաև Յալթայի հայկական Սբ. Հռիփսիմե եկեղեցու նկարազարդումների էսքիզները, որոնք վերաբերում են Սուրենյանցի կյանքի ուկրաինական շրջանին: Ցուցահանդեսը ուղեկցվելու է նաև մեծանուն արվեստագետի կյանքին ու գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:

Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի Սուրենյանցի ֆոնդի լավագույն նկարներն են: