AM
8 Օգոստոս 2011 - 13:00 AMT

Հայտնի են դարձել հինգերորդ Համահայկական խաղերի բասկետբոլային թիմերի մրցակիցները

Օգոստոսի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը կայացել է Համահայկական խաղերի խաղարկային տեսակների վիճակահանությունը: Խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, փակման արարողությունը ծրագրված է օգոստոսի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Խաղերի գլխավոր մրցավար Եղիշե Դավթյանը հայտնել է, որ բասկետբոլում տղամարդկանցից կմրցեն 24 քաղաքների թիմեր: Հանդիպումները կկայանան երկու փուլով: Առաջին խմբում կմրցեն Թեհրանի, Հալեպի, Ստեփանակերտի և Լոս Անջելեսի, երկրորդում` Սոչիի, Երևանի, Բեյրութի և Թավրիզի թիմերը: Երրորդ խմբում կխաղան Սիդնեյի, Վիեննայի, Շահին-Շահրի և Գլենդեյլ-Մոնթուլի թիմերը: Այդ երեք խմբերի թիմերն իրենց խաղերը կանցկացնեն «Միկա» մարզասրահում:

Վերջին երեք խմբերից 4-րդի մեջ մտել են Գլենդեյլի, Արթիկի, Սալմաստի, Մոնրեալի, 5-րդ խմբի մեջ` Կահիրեի, Ախալքալաքի, Բուենոս Այրեսի, Սպահանի, 6-րդի մեջ` Ստամբուլի, Գյումրու, Փարիզի և Ուրմիայի թիմերը: Այս թիմերը կմրցեն «Դինամո» մարզասրահում:

Հաջորդ փուլ դուրս կգան խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմերը և լավագույն երկրորդ տեղ զբաղեցրածները:

Աղջիկներից հայտագրվել են 11 թիմեր, որոնք բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում ելույթ կունենան 5 թիմեր Երևանից, Սպահանից, Շահին-Շահրից, Թեհրանից և Փարիզից: Երկրորդ խմբում հայտնվել են Գլենդեյլի, Մարսելի, Վիեննայի, Արթիկի, Գյումրիի և Թավրիզի թիմերը: Մարզուհիները հանդիպումները կանցկացնեն «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում, բոլոր հանդիպումները կմեկնարկեն երևանյան ժամանակով 10:00-ին: