AM
15 Օգոստոս 2011 - 08:01 AMT

Սերժ Թանկյանը ՀՀ նախագահին հույս է հայտնել, որ շուտով Հայաստանում կկայանա SOAD-ի համերգը

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեր և տիկին Սիմոնյանների աշխատանքը, ում շնորհիվ հիմնադրվել է կենտրոնը, ոչ միայն շնորհակալության, այլ նաև խրախուսանքի է արժանի, որովհետև բացի իր կիրառական նշանակությունից այն նաև շատ լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են հաջողությունների հասնել իրենց ոլորտում և հիմա ժամանակն է, որ իրենց հաջողություններից մի փոքրիկ մասնիկ փորձեն կիսել հայրենիքի հետ:

Թումո կենտրոնում Հանրապետության ղեկավարը հանդիպել է նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Սերժ Թանկյանը խոսել են երգչի ստեղծագործական և հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Երգիչը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանում կկայանա «System of a Down» խմբի համերգը:

Հանրապետության ղեկավարը Սերժ Թանկյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ և շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար: