AM
13 Սեպտեմբեր 2011 - 07:01 AMT

Ռոստովում բացվել է հայազգի Տատյանա Լուսեղենովայի առաջին անհատական ցուցահանդեսը

Դոնի Ռոստովի հայրենագիտական թանգարանում բացվել է հայազգի նկարչուհի Տատյանա Լուսեղենովայի առաջին անհատական ցուցահանդեսը, հայտնում է miasin.ru-ն: Նկարչուհին իր ստեղծագործություններում պատմում է մտքերի, զգացմունքների և տպավորությունների մասին:

Լուսեղենովայի ստեղծագործական կյանքում ամենամեծ դերը ունեցել է հայրը, տարածաշրջանի հայտնի նկարիչ Հովհաննես Լուսեղենովը: Նա է նկարչուհուն սովորեցրել վրձին բռնել, ստեղծագործական ազատության ոգեշնչել, սակայն մասնագետները միաձայն պնդում են, որ հոր և դստեր նկարները լիովին տարբերվում են:

«Ինձ կյանքում բախտ է վիճակվել լինել հանճարեղ մարդու կողքին, և ես հնարավորություն եմ ունեցել նրանից սովորելու ինչ որ բան և հույս ունեմ, որ սովորել եմ», ասում է Լուսեղենովան:

Նկարչուհու աշխատանքները ցուցադրվել են, երբ նա ընդամենը 11 տարեկան էր: Այժմ նա յուրացնում է դիմանկարչական արվեստը: