Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Դևիսի գավաթի կիսաեզրափակչի Սերբիայի հետ առաջին խաղում կարողացավ մեկ միավոր բերել Արգենտինային:
Նալբանդյանը վառ խաղ ցույց տվեց չորս սեթում՝ 6:4, 4:6, 6:2, 6:3 հաշվով հաղթելով Վիկտոր Տրոիցկուն, որը փոխարինեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին: Խաղը շարունակվեց 2 ժամ 52 րոպե և թույլ տվեց Նալբանդյանին ավելացնել առավելությունը Տրոիցկու հետ անձնական հանդիպումներում՝ հասցնելով 4:1:
Արգենտինացիների առավելությունն ամրագրեց Խուան Մարտին դել Պոտրոն, որն ավելի ուժեղ գտնվեց, քան Յանկո Տիպսարևիչը: Խաղը շարունակվեց 2 ժամ 31 րոպե և ավարտվեց Դել Պոտրոյի վստահ հաղթանակով՝ 7:5, 6:3, 6:4:
Առաջին խաղարկային օրվանից հետո արգնետինացիները հաղթում են սերբերին 2:0 հաշվով և ընդհանուր հաջողության համար նրանց հարկավոր է մեկ հաղթանակ երեք մնացած խաղերում:
Կիսաեզրափակչի երկրորդ հանդիպման շրջանակներում իսպանացիները 2:0 հաշվով գերազանցում են Ֆրանսիային, նրանց ևս եզրափակիչ դուրս գալու համար միայն մեկ հաղթանակ է հարկավոր:





