Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ ու «Փյունիկ» ակումբի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը ժամանել է «Կուբանի» մարզչական ճամբար, որը գտնվում է իսպանական Օլիվա Նովայում:
«Ես ժամանել եմ Իսպանիա «Կուբանի» ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն: Առաջին հերթին, ցանկանում եմ հետևել Մարկոս Պիզելիի խաղին, որը մեր հավաքականի հարձակվողն է և վերջերս եռամյա պայմանագիր է կնքել ձեր թիմի հետ: Վստահ եմ, որ նրա մասնակցությունը Ռուսաստանի առաջնությանը օգտակար կլինի ինչպես ակումբին, այնպես էլ Հայաստանի հավաքականին»,-Մինասյանի խոսքն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը:
Ըստ մարզչի, նրա այցելության երկրորդ պատճառը «Կուբան» ակումբն է, որը Դան Պետրեսկուի ղեկավարությամբ հրաշալի խաղաշրջան է անցկացնում. «Միշտ նշել եմ խաղի բարձր կարգապահությունը և ակումբի խաղացողների կազմակերպվածությունը: Այժմ ցանկանում եմ անձամբ հետևել մարզչական գործընթացին անցյալում հայտնի ֆուտբոլիստ, իսկ այժմ հաջողակ մարզչի ղեկավարությամբ, զրուցել այդ մասին Պետրեսկուի ու նրա օգնականների հետ: Միասնական, մարտունակ, իր առջև դրված խնդիրները լուծելու ունակ կոլեկտիվ ստեղծելու ունակությունն է այն հարցը, որն արդիական է ինձ համար հավաքականի հետ աշխատանքում»:
Ըստ Մինասյանի, Պիզելին արագընթաց, տեխնիկային լավ տիրապետող ֆուտբոլիստ է, ուժեղ ձախ ոտքով, լավ ամփոփիչ հարվածով, լավ է տիրապետում գնդակին: «Անկասկած, Ռուսաստանի առաջնությունն իր մակարդակով ու լարվածությամբ զգալիորեն գերազանցում է Հայաստանի ու նույնիսկ Ուկրաինայի առաջնությանը, սակայն, ինձ ինչ-որ բան հուշում է, որ Մարկոսը «Կուբանում» և ռուսական պրեմիեր լիգայում միանգամայն կարող է հայտնվել առաջատար դիրքերում: Որպես հավաքականի մարզիչ ես շահագրգռված եմ դրանում, ուստի կհետևեմ «Կուբանի» ելույթներին առանձնակի հետաքրքրությամբ՝ մաղթելով նրան միայն հաղթանակներ»,-ասել է Վարդան Մինասյանը:





