Փետրվարի 1-ից Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կմեկնի Բուլղարիա` մասնակցելու Նիկոլայ Պետրովի անվան միջազգային առաջնությանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը ասել է, որ հունվարի 18-ից Ծաղկաձորում հայ հունահռոմեական ըմբիշները սկսել էին պատրաստվել 2012թ. գալիք առաջնություններին:
«Մարզվում էին ինչպես հավաքականի հիմնական անդամները, այնպես էլ երիտասարդ ըմբիշները: Հիմնականում աշխատում էին տեխնիկամարտավարական և ֆիզիկաֆունկցիոնալ պատրաստության վրա: Առաջնությանը կմասնակցեն 11 ըմբիշներ»,- ասել է Ջուլֆալակյանը:
Հայաստանի հավաքականը մրցաշարից կվերադառնա փետրվարի 7-ին, այնուհետև կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա մարտին Սերբիայում: Վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն ապրիլի 20-ից, առաջինը տեղի կունենա Բուլղարիայում:





