Բուլղարիայի միջազգային մրցաշարում հանդես են եկել հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյանը (49 ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 ք/կ) և Սերգո Պողոսյանը (+91 ք/կ):
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ մասամբ գոհ է իր սաների ելույթից:
«Սա շատ ուժեղ եվրոպական մրցաշար է, որը շատ օգտակար էր մեզ համար: Ես ուրախ եմ, որ անցած տարվա համեմատ մեզ հաջողվեց մեդալներ նվաճել: Ես ցանկանում էի գործի մեջ տեսնել մեր բռնցքամարտիկներին՝ նրանց ֆիզիկական պատրաստվածությունը տեսնելու համար: Ապրիլին նրանք ելույթ կունենան վարկանիշային մրցաշարում և կպայքարեն այդ նույն բռնցքամարտիկների հետ»,- ասել է Աղամալյանը:
«Մինչև մարտի 6-ը կրկին կմարզվենք Աբովյանի սպորտային բազայում: Մարտի 8-16-ը Ֆինլանդիայում կկայանա ևս մեկ մրցաշար, որտեղ հանդես կգանք այլ կազմով»,- ասել է նա:
Գլխավոր մարզիչը նշել է , որ այդ մրցաշարից հետո պարզ կլինի, թե ով է պատրաստ վարկանիշային մրցաշարին, որը տեղի կունենա Տրապիզոնում ապրիլի 13-22-ը: Հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ):





