Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի տոմսերի նմուշները կներկայացվեն 2012թ. ապրիլի 23-ին:
Լեհաստանում մրցաշարի տնօրեն Ադամ Օլկովիչն ասել է, որ տոմսերը ուշ կներկայացվեն, որպեսզի խարդախներն ավելի քիչ ժամանակ ունենան տոմսերը կեղծելու համար` ընդգծելով, որ կեղծ տոմսերի հայտնվելուց անհնար է խուսափել:
Նա ասել է, որ տոմսերի 16 տոկոսը, որոնք ստացել են եզրափակչի մասնակից երկրների ազգային ֆեդերացիաները, կբաշխվեն մարտ ամսվա առաջին օրերին, իսկ տոմսերի վերավաճառման պաշտոնական ինտերնետ-պլատֆորմը կգործի մինչև ապրիլի 10-ը:
UEFA-ն EURO-2012-ին 1,4 միլիոն տոմս է պատրաստել, որոնցից 600 հազարն արդեն բաշխվել են երկրպագուների միջև անցյալ տարվա գարնանն անցկացված հատուկ վիճակախաղի օգնությամբ, հաղորդում է unian.net-ը:
Եվս 450 հազ. տոմսեր կբաշխվեն ԵԱ-ին մասնակցող 16 երկրների Ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների երկրպագուների և VIP անձանց միջև:
UEFA-ն հայտնում է, որ EURO-2012-ի բոլոր տոմսերի, որոնք կարժենան 30-ից 600 եվրո, 85 տոկոսը կվաճառվի պաշտոնական ինտերնետ-պլատֆորմների միջոցով:





