AM
29 Փետրվար 2012 - 10:26 AMT

ՀՀ-ում Էլեկտրոնային առևտրի իրավական դաշտի ձևավորումը կհավասարակշռի մոնոպոլ շուկան

2011-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված Էլեկտրոնային առևտրի խնդիրներն ուսումնասիրող և լուծումներ առաջարկող միջգերատեսչական հանձնաժողովը ուսումնասիրելով ողջ դաշտում առկա խնդիրները, մշակել է լուծումներ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ դրանց հետագա լուծումն ապահովելու համար։ Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները համակարգող ՀՀ էկոնոմիակային փոխնախարար Վահե Դանիելյանը։

Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, փոփոխությունները Հայաստանին հնարավորություն կտան օգտվել էլեկտրոնային առևտուր իրականացնելու միջազգային լուծումներից։ «Այս ոլորտում 3 ուղղության ներդրման կարիք կա՝ էլեկտրոնային առևտրի ներդրում Հայաստանի ներսում, ինչը կօգնի մեծացնել ներքին առևտրի ծավալները։ 2-րդ՝ կլուծի երկրից արտահանման խնդիրը։ Օրինակ մտավոր ռեսուրսների արտահանման խնդիր կա, խոսքը գնում է սեփական հմտությունների վաճառքի մասին, օրինակ՝ բժշկական օնլայն խորհրդատվության և այլն»,-ասաց նա։

Դե իսկ 3-րդ ուղղությունը, որում փոփոխությունները լուծում կհանդիսանան, դա ներմուծումն է դեպի Հայաստան։ Ըստ Կարեն Վարդանյանի, մոնոպոլ շուկաներն այս դեպքում չեն կարողանա իշխել. «Կստեղծվի շուկայի բալանս։ ՏՏ ոլորտում էլ կլուծվի»։

Ըստ ԻՏՁՄ տնօրենի, Հայաստանում օրենսդրորեն շատ լավ ձևակերպված է լոկ ֆիզիկական առևտուրը, սակայն ոչ էլեկտրոնային առևտուրը, ինչն ավելի բարդ սխեմա է ենթադրում։