Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեկնաբանելով դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի ելույթը Սերբիա-Հայաստան խաղում, նշել է, որ նա այլևս չի կրի հավաքականի մարզաշապիկը:
«Տղաները շատ փայլուն խաղացին,բայց նրանց խաղի վրա ստվեր գցեց Մելիքսեթյանը: Հաշվի առնելով,թե հիմնական խաղացողները ովքեր էին,այո ,գոհ եմ և շատ ուրախ,որ մենք ունենք հուսալի ռեզերվ»,- facebook-ի իր էջում գրել է Հայրապետյանը:
Փետրվարի 28-ին սերբերի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը ընդունել է երկու գնդակ: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով:
Նա նշել է, որ ֆուտբոլի ֆեդերացիան ընկերական խաղերը համարում է ծրագրային աշխատանք, իսկ ինքը գտնում է, որ մարզիչն իր գործը ճիշտ է անում. «Ընկերական խաղերին նպատակը հաղթելը չէ, չնայած հաղթելը միշտ էլ հաճելի է: Մեր մարզիչը Սերբերի դեմ փորձարկեց 9 նոր երիտասարդ ֆուտբոլիստ, որպեսզի պաշտոնական խաղերին նրանց համար նորություն չլինի ազգային հավաքականում խաղալը»:





