Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ) լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ առաջնությունը շատ անսպասելի էր, որովհետև մրցավարությունը սարսափելի էր: «Օլիմպիադային մնում է 3 ամիս, և նման մրցավարությունն անթույլատրելի է: Եվրոպայի առաջնությունում մեր գլխավոր նպատակն էր նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին»,- ասել է Ջուլֆալակյանը:
Նրա խոսքով, Հայաստանի հավաքականն առաջնությունում լավ է հանդես եկել: Նա նաև նշել է երեք նոր ըմբիշների լավ ելույթը, չնայած նրան, որ նրանք մեդալներ չեն նվաճել: «Միայն մի քանի երկրների հաջողվեց Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճել, դրանց շարքում՝ Հայաստանը, ինչն ուրախալի է: Առաջնությունը շատ բարդ էր, այնտեղ հանդես էին գալիս գրեթե բոլոր ուժեղ ըմբիշները: Ես ուրախ եմ մեր ձեռքբերումների համար և մաղթում եմ, որպեսզի վարկանիշային մրցաշարերում մեր ըմբիշները հաջող ելույթ ունենան»,- ասել է ըմբիշը, ով ապահովել է իր մասնակցությունը 2012-ի օլիմպիական խաղերին:
Մեկնաբանելով իր մասնակցությունը, Ջուլֆալակյանն ասել է, որ լավ մարզավիճակում է եղել, բայց որոշել է խնայել ուժերը, քանի որ պատրաստվում է օլիմպիական խաղերին. «Ռուսների հետ պայքարում ես զիջեցի երեք փուլերում, հավանաբար մի փոքր հապաղեցի, ինչը որոշիչ դարձավ: Մենամարտն ընթացավ հավասար պայքարում, մնացած հանդիպումները ես անցկացրեցի բարձր մակարդակում: 5 հանդիպումներում ես հակառակորդներին տվեցի ընդամենը 2 միավոր: Մի քիչ թույլ ստացվեց 3-րդ տեղի համար մենամարտը, բայց գլխավորը՝ ինձ հաջողվեց հաղթել»:





