AM
21 Մարտ 2012 - 10:57 AMT

Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը կորոշի ԵԱ մասնակիցների կազմը վերջին հավաքից հետո

Մարտի 23-ին Աբովյան քաղաքի մարզական բազայում Հայաստանի ծանրամարտի հավաքականը կանցկացնի վերջին հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կկայանա ապրիլի 6-16-ը Անթալիայում: Ծաղկաձորում հավաքի ավարտից հետո ծանրորդները չորսօրյա հանգիստ են ստացել:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ասել է, որ բոլոր ծանրորդները, ովքեր կգնան Եվրոպայի առաջնություն, գտնվում են լավ մարզավիճակում և, ամենագլխավորը, վնասվածքներ չունեն:

«Ես ամբողջությամբ որոշել եմ կազմը, որը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: Ես կասկածներ ունեմ մինչև 85 և 94 կգ քաշային կարգերի վերաբերյալ և միայն այդ հավաքից հետո կհայտնեմ առաջնության բոլոր մասնակիցների անունները»,- ասել է Պողոսյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնություն կմեկնի ապրիլի 6-ին, իսկ կանանց թիմն այդ առաջնությունը բաց կթողնի, քանի որ ծանրորդուհիները պատրաստվում են Օլիմպիական խաղերին: