Ռուսաստանից Հայաստան եկող գազի գնի բարձրացումը Հայաստանի` Եվրամիությանն անդամագրվելու քաղաքականության կողմանակիցները համարում են ճնշում, որ Հայասանը գնա դեպի Եվրասիական միություն: Վերջին շրջանում այս մասին քննարկումները բավական թեժ են, վերլուծական և քաղաքական որոշ շրջանակներ շարունակում են պնդել այս թեզը, իսկ նրանց ընդդիմախոսները որպես հակափաստարկ հայտարարում են, որ Հայաստանը շարունակում է գազը ստանալ արտոնյալ պայմաններով:
Երկրորդ խմբին է պատկանում նաև Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ով կարծում է, որ գազի թանկացումը շատ դժվար է ճնշում համարել, քանի որ գաղտնիք չէ, որ առնվազն կես տարի ուշացավ գազի գնի բարձրացումը` ելնելով և քաղաքական և տնտեսական խնդիրներից: «Հասկանալի է, որ երբ գազը թանկացնում են ձմռանն այլ հարց է, երբ գարնանը` այլ հարց: Ռուսական կողմն այդ հարցում հաշվի առավ հայկական կողմի մոտեցումները: Ես չեմ կարծում, որ դա կարելի է իսկապես ինչ-որ քաղաքական ճնշում համարել: Նույնիսկ այս թանկացումից հետո Հայաստանը շարունակում է Բելառուսից հետո մնալ երկրորդ երկիրը հետխորհրդային տարածքում, որը ստանում է արտոնյալ պայմաններով գազ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետը նկատեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ մենք պիտի արագացնենք հուշագիր ստորագրել Հայաստանի և Եվրասիական կառույցների միջև, Ռուսաստանի նորանշանակ դեսպանն էլ նույն տրամաբանությամբ ասել էր, որ խոսքը այս պահին գնում է նրա մասին, թե Հայաստանը ինչ ֆորմատով կհամագործակցի Եվրասիական միության կառույցների հետ: «Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և հույս ունի որոշ ասպեկտներով տնտեսական օգուտ ստանալ նաև այդ կառույցների հետ համագործակցությունից: Սերտ համագործակցություն և ոչ ավելի, քանի որ կան լուրջ աշխարհագրական խնդիրներ` Հայաստանի հարևանությամբ կան Վրաստանն ու Ադրբեջանը, և բավական դժվար է ասել տնտեսական առումով լիակատաևր համագործակցությունը հնարավոր է, թե` ոչ»,- պարզաբանեց նա:
Սերգեյ Մինասյանը կարծում է, որ և-և տարբերակը կշարունակվի, ու Հայաստանը չի ընտրի կամ Եվրասիական միությունը, կամ Եվրոպական միությունը:





