AM
6 Հունվար 2026 - 08:50 AMT

Շվեյցարիայում ՀԱԵ թեմի առաջնորդական տեղապահը միացել է կաթողիկոսին դեմ դուրս եկած հոգևորականներին

Շվեյցարիայում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից եկեղեցու բարենորոգման Համակարգող խորհրդի ստեղծումը՝ հայտարարելով, որ միանում է այս նախաձեռնությանը, ընդունում է հրապարակված հռչակագրի բովանդակությունը և ներկայացված ճանապարհային քարտեզը։

Նա պատրաստակամություն է հայտնել լիարժեքորեն մասնակցելու «Հայ եկեղեցու բարեփոխման սրբազան առաքելությանը»:

«Իմ ծառայության ընթացքում ես օրեցօր նկատել եմ մեր եկեղեցու ղեկավարության շեղումը Մայր Աթոռի սկզբնական առաքելությունից, նրա ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և այլ անհանգստացնող հանգամանքներ։

Հայ եկեղեցու տասը բարձրաստիճան հոգևորականների կողմից վերջերս բարձրացված արդարացի հարցերը վաղուց արդիական են և պահանջում են լուծում։ Փառք Աստծո, որ ՀՀ վարչապետը նույնպես միացել է բարեփոխումների այս սուրբ առաքելությանը և զգալի ներդրում է ունենում Հայաստանում հոգևոր կյանքի զարգացման գործում»,- գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ողջունել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի հայտարարությունը:

«Հարգանքներիս հավաստիքը Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին»,-գրել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։