AM
7 Հունվար 2026 - 07:40 AMT

Զոհրաբյան․ Միքայել սրբազանի գործով պատրաստվում ենք դիմել Եվրադատարան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պաշտպանական կողմը մտադիր է, ներպետական ատյանները անցնելուց հետո, դիմել նաև միջազգային ատյաններ։ Այս մասին ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Միքայել սրբազանի գործով մենք արդեն հիմա անցել ենք կալանքի հատվածին, և արդեն Եվրոպական դատարան դիմելու փաթեթ ենք նախապատրաստում։ Մինչև փետրվարի 4-5-ը կդիմենք»,- տեղեկացրել է նա։

Զոհրաբյանը նշել է, որ իր հիշողության մեջ չկա նման նախադեպ, երբ եկեղեցու և պետության փոխհարաբերությունների հետ կապված ստիպված լինեն դիմել միջազգային դատական ատյաններ։

«Ես միայն հիշում եմ, որ եկեղեցու նկատմամբ նման հալածանքներ եղել են Խորհրդային Միության ժամանակ՝ 30-ական թվականներին։ Կարծես թե մենք հիմա ունենք նույնի կրկնությունը»,- նշել է փաստաբանը։

Վերջինս անդրադարձել է նաև Թալինի եկեղեցում տեղի ունեցած իրադարձություններին՝ շեշտելով, որ Սահմանադրությունը, ՀՀ օրենսդրությունը և միջազգային իրավունքն արգելում են պետական իշխանություններին խառնվել եկեղեցու ներքին գործերին ու խոչընդոտել ծիսական արարողություններին։

«Այն, որ Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե է այս գործընթացը կազմակերպում և ինքն է պատասխանատու հակաեկեղեցական այս քաղաքականության համար, դա փաստ է․ նա իշխանական իր ամբողջ լծակներն օգտագործում է եկեղեցու դեմ։ Հիմա նա իբրև թե հանդես է գալիս որպես քրիստոնյա, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, մինչդեռ մինչև այս նա իրեն չի դրսևորել որպես ՀԱԵ զավակ․ նա չէ, որ պետք է բարենորոգի եկեղեցին»,- նշել է փաստաբանը։

Զոհրաբյանն ընդգծել է, որ եկեղեցին ինքնակառավարվող կառույց է և այդ համակարգը պետք է հարգվի։ Նրա խոսքով՝ երկրի համար վճռորոշ խնդիրները թողած՝ Փաշինյանն ուղղակիորեն թիրախավորել է եկեղեցին՝ փորձելով «բարենորոգել» այն։

«Թե ինչպես է բարենորոգել մեր երկիրը, ինչպես է բարենորոգել, ընդհանրապես, յուրաքանչյուրիս կյանքը, մենք տեսել ենք․․․Թե ինչպես է բարենորոգել մեր պետական սահմանները, ինչպես է բարենորոգել Արցախը, մենք տեսել ենք և չակերտներով ասած՝ շնորհակալ ենք։ Հիմա էլ մտել է եկեղեցի՝ բարենորոգման։ Սա անօրինական գործունեություն է, և ովքեր դրան մասնակից են, նպաստում են այս անօրինությանը և վստահ եմ՝ պատասխան են տալու ապագայում»,- համոզմունք է հայտնել նա։

Փաստաբանի համոզմամբ՝ վարչապետը պետական լծակները գործի է դրել՝ ճնշման և «կոմպրոմատների լեզվով» գործելու համար։

«Մենք տեսնում ենք 10 եպիսկոպոսի, որոնք իբրև միացել են Նիկոլ Փաշինյանին, որոնցից շատերի մասին հանրային դաշտում բազմաթիվ պատմություններ են քննարկվում»,- նշել է փաստաբանը։

Նման իրավիճակում, ըստ նրա, անհրաժեշտ է արձանագրել բոլոր իրավական խախտումները՝ թույլ չտալու համար նոր գործողություններ իշխանությունների կողմից։ Զոհրաբյանը հայտնել է, որ ինքը և մի շարք փաստաբաններ մինչ այժմ 5 հաղորդում են ներկայացրել դատախազություն և քննչական մարմին, սակայն բոլորն էլ մերժվել են։ Այժմ նրանք դիմել են դատարան՝ պահանջելով պարտադրել վարույթ հարուցել ու ճանաչել իրավախախտումների փաստը։

Թալինի եկեղեցում տեղի ունեցածի վերաբերյալ ևս Զոհրաբյանը պատրաստվում է նոր հաղորդում ներկայացնել։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պետական իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգի տապալման կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Նրա կալանավորվել է հունիսի 28-ին։

Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է Միքայել սրբազանի դատավճիռը՝ նրան դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Նրա պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել դատավճռի դեմ՝ պահանջելով ամբողջությամբ վերացնել այն և հռչակել Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը, որը պետք է կայանար դեկտեմբերի 15-ին, հետաձգվել է։ Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է 2026 թվականի հունվարի 13-ին։