AM
7 Հունվար 2026 - 14:53 AMT

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ․ Մոտ ժամանակներս Ազգային-եկեղեցական ժողով կհրավիրվի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ծրագրում է մոտ ապագայում գումարել Ազգային եկեղեցական ժողով, որը կառույցի ամենաբարձր իշխանական մարմինն է։ Այդ մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։

Դանիելյանը հստակ ժամկետ չի նշել՝ հավելելով, որ ժողովը չի ձգձգվի, քանի որ կան շատ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն այդ մակարդակով։

Նա հիշեցրել է, որ վերջին անգամ նման ժողով է տեղի ունեցել 2017 թվականին։ Դրանից հետո, նրա խոսքով, Հայ Առաքելական եկեղեցին ստիպված է եղել մի քանի անգամ հետաձգել ժողովը՝ պայմանավորված համավարակով, պատերազմով և երկրում հաստատված ռազմական դրությամբ։

«Իրադրությունը երկրում այնպիսին էր, որ եկեղեցին չէր կարող պատերազմից հետո ստեղծված սոցիալական խնդիրները թողած լայնածավալ այլ խնդիրներ իրականացնել, հապճեպ համարել, ասենք, Ազգային ներկայացուցչական ժողովի կամ եկեղեցական ժողովի գումարումը»,– ընդգծել է Դանիելյանը։

Նա նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է գումարել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, որի ընթացքում կհստակեցվի ժողովի անցկացման օրը։

«Կազմակերպչական հարցեր կան, որոնք ողջամիտ ժամկետ են պահանջում»,– հավելել է Դանիելյանը։

Ազգային եկեղեցական ժողովը հանդիսանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իշխանական կառուցվածքի բարձրագույն մարմինը։ Այն համազգային ու համաեկեղեցական հնագույն ժողովական կառույց է, որի նիստը հրավիրվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։ Ժողովն ունի լայն իրավասություններ՝ ընտրում է Ամենայն Հայոց կաթողիկոսին, որոշումներ է ընդունում դավանաբանական, ծիսական, կանոնական և վարչական հիմնահարցերի շուրջ, հաստատում ու փոփոխում է եկեղեցու Սահմանադրությունը, կարգավորում է եկեղեցական կառույցների փոխհարաբերությունները, սահմանում է փոխգործակցության սկզբունքները այլ եկեղեցիների, կրոնական համայնքների, պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև լսում և քննարկում է համապատասխան զեկույցներ։

Ժողովի որոշումների իրագործման վերահսկման նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են հատուկ հանձնաժողովներ։ Նիստերն անցկացվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները վարում են արշավ եկեղեցու և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ։ Ներկայում կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։