Տեղի է ունեցել ՀԱԵ Բարենորոգման խորհրդի առաջին նիստը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը (այսուհետեւ Խորհուրդ) գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները»,-նշել է վարչապետը։
Նա նշել է, որ Խորհուրդը կարևորել է, որ այս գործընթացը ձևավորվի հանրային վստահության, թափանցիկության, ներառականության և պատասխանատվության սկզբունքների վրա՝ առանձնացնելով հոգևորականների և աշխարհականների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Խորհուրդն աջակցություն է հայտնել Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշմանը՝ միանալու Եկեղեցու Բարենորոգման հռչակագրին ու ուղենշված ճանապարհային քարտեզին։ Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը նախատեսում է մասնակցել Խորհրդի նիստին՝ Առաջիկա պատեհ առիթով։
«Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները և կայացվել են անհրաժեշտ որոշումներ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:
Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։





