AM
9 Հունվար 2026 - 11:12 AMT

Փաստաբան․ Ղուկասյանի առողջությունը վտանգված է կալանքի պայմաններում

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հունվարի 7-ին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասել է, թեմիշտ բարձրաձայնել են, որ Վարդան Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի, և հավելել, որ կալանքի պայմաններում նրա առողջությունը վտանգված է, հայտնում է Aysor.am-ը:

«Դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու և՛ հիվանդությունների բնույթը, և՛ դրանց համատեղելիությունը կալանքի հետ։ Հիմա այս հարցերի շրջանակում պարոն Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտությունների»,-ասել է փաստաբանը։

Նա նշել է, թե արդյունքները դեռ պարզ չեն, դրանք լինելուն պես կհրապարակեն։

Փաստաբանի խոսքով՝ կալանավայրի պայմանները համատեղելի չեն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի հետ։

«Այլընտրանքը կլինի տնային կալանք, գրավ, թե վարչական հսկողություն, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Հուսով ենք, որ բժշկական կենտրոնի պատասխանները մեկ շաբաթվա ընթացքում կունենանք»,-ասել է փաստաբանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։