AM
10 Հունվար 2026 - 10:18 AMT

Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնից

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- ասված է հաղորդագրությունում։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Գևորգ սրբազանն այն հոգևորականների թվում է, ովքեր միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործողություններին, որոնք ուղղված են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀԱԵ բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն 16 է։Նա հորդորել է պաշտպանել այդ քահանաներին: Բազմաթիվ այլ քահանաներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Մայր Աթոռին և կաթողիկոսին:

ՀԱԵ բարենորոգման խորհուրդը հրավիրել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են բարենորոգման հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերն ու առաջիկա անելիքները՝ ելնելով հիմնադիր հայտարարությամբ ամրագրված սկզբունքներից ու նպատակադրումից։ Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։