ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնանկությանը, հայտարարել է, որ իր համար կաթողիկոսի «որոշումներն արժեք չունեն և առոչինչ են»:
Նա հավելել է, որ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:
«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս չէ և հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։
Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,- գրել է նա։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։Գևորգ սրբազանն այն հոգևորականների թվում է, ովքեր միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործողություններին, որոնք ուղղված են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին։
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։





