Միջազգային և անվտանգային հարցերի ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ռուսաստանցի քարոզիչ ու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն պետք է հատուկ ռազմական գործողություն անցկացնի ՀՀ-ում, գրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է արձագանքի՝ գոնե խոսնակի մակարդակով։
«Երբեմնի «հայ ժողովրդի բարեկամի» գառան մորթու տակ թաքնված կրեմլյան հերթական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը, ոգևորված ԱՄՆ նախագահի վենեսուելյան հաջողությունից, «հետախուզական» նպատակներով քարոզչական դաշտ է նետել վտանգավոր թեզ՝ Կովկասում՝ Հայաստանում, և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի «ազդեցության գոտիներում» ռազմավարական շահերի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Հայաստանի քաղաքական դաշտը իր ամբողջ սպեկտրով պարտավոր է դատապարտել ու հակադարձել, եթե իհարկե, չի հանդիսանում արտաքին դերակատարների պրոքսի ուժ։
2022թ․ հոկտեմբերի 31-ին, Սոչիում, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը ստորագրել են Սոչիի հռչակագիրը, որտեղ Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելիությունը որպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հիմք, այլ նաև եռակողմ պարտավորություն՝ այդ թվում հայտարարությունը հավասարազոր ստորագրած Ռուսաստանի կողմից»,-ասվում է գրառման մեջ:
Սաֆարյանը հավելել է, որ ավելորդ չէ հիշեցնել նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ, միջազգային և երկկողմ՝ Հայաստան–Ռուսաստան համաձայնագրերով ստանձնած Ռուսաստանի պարտավորությունները, որոնց բովանդակությունը ոչ թե ռազմական գործողություններ նախաձեռնելն է, այլ երրորդ երկրների նման ներխուժման դեպքում՝ դաշնակցային պաշտպանություն ապահովելը։
Նա պնդել է, որ Վլադիմիր Սոլովյովը պետք է հիշի նաև այն, որ Հայաստանը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, ինչը նշանակում է, որ որևէ երկրի կողմից Հայաստանի դեմ իրականացվող նման գործողությունները միջազգային իրավական գնահատման առարկա կարող են դառնալ, և Հայաստանը չէր ցանկանա դառնալ առաջին պետությունը, որը դիմում կներկայացնի այդ դատարան իր փաստացի դաշնակցի դեմ։
«Կարծում եմ՝ Հայաստանը ԱԳՆ խոսնակի մակարդակով էլ պետք է արձագանքի այս խելագարությանը․ նույնքան ցանկալի է նաև Կենտրոնական Ասիայի անկախ հանրապետությունների կոնսոլիդացված արձագանքը։ Հայաստանի քաղաքական դաշտը չպետք է սողանցք թողնի, և նույնպես պարտադիր է կոնսոլիդացված արձագանքը, որպեսզի հասկանալի լինի, որ Հայաստանում «Կարմիր բանակին» սպասող ոչ մեկ չկա»,-գրել է նա:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին գրել է, որ, ըստ Սոլովյովի՝ «ՀՀ-ն ոչ թե պետություն է, այլ ընդամենը ՌԴ ազդեցության գոտի»։
«Ստացվում է, որ իրենց ենթակա հինգերորդ շարասյունում էլ ոչ թե ՀՀ նախկին նախագահներ, հոգևորականներ, կամ օլիգարխներ են, այլ՝ ՌԴ ազդեցության էլեմենտներ… Ազդեցության գոտու առումով մեր ժողովուրդն իր տեսակետը ասել է 2018-ի և 2021-ի ընտրություններում: Սոլովյովը վստահ է, որ նույնն է ասելու նաև 2026-ին, հակառակ պարագայում չէր ջղաձգվի։ Հինգերորդ շարասյունն էլ՝ նախկին նախագահները, հոգևորականները, օլիգարխ փրկիչները, լավ կլինի կողմնորոշվեն` ՌԴ ազդեցության գոտու վերածվելու և ռազմական ուժով ՀՀ-ն հնազանդ դարձնելու առաջարկների մասով: Չստացվի, որ իրենք էլ կողմ են սոլովյովյան մոտեցումներին ու իրենց վերարտադրությունը միայն այդպես են հնարավոր համարում։
Հ.Գ. Սոլովյովները համարում էին, որ հայերը գնալու տեղ չունեն։ Հարց՝ իսկ հիմա ո՞ւմ նավերն են սուզվում և ո՞վ՝ ու՞ր է գնում: Ժողովուրդ ջան, լավ օր ձեզ, սա հիմնավորում է, որ ճիշտ ճանապարհին ենք. ու թող Աստված օրհնի Հայաստանը…»,-գրել է նա:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սոլովյովին պետք է զրկել ՀՀ շնորհած Պատվո շքանշանից:
«Վլադիմիր Սոլովյովը՝ ռուս հեռուստալրագրողը, 2013 թվականի դեկտեմբերին արժանացել է այդ պարգևին՝ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու և զարգացնելու, ինչպես նաև մեր երկրների միջև խաղաղություն ամրապնդելու գործում նշանակալի ավանդ ներդնելու համար»։
Սակայն այս օրերին նույն Սոլովյովը հանդես է եկել Հայաստանին ուղղված ագրեսիվ կոչերով՝ հայտարարելով․ «Ինչպես դա գործարկեցինք Ուկրաինայի տարածքում»,-գրել է նա:
Հակոբյանը հիշեցրել է, թե ինչպիսի հետևանքներ է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված ռազմական ներխուժումը՝ հարյուրավոր ավերված բնակավայրեր, միլիոնավոր տեղահանված մարդիկ, ծանր բնապահպանական աղետներ, տասնյակ հազարավոր զոհեր ու անօթևան երեխաներ, ինչպես նաև մի ողջ երկրի վերածում կործանման տարածքի։
«Հայաստանի հանդեպ սերն ու հարգանքը միշտ արտահայտող» Վ․ Սոլովյովը նույնը առաջարկում է իրականացնել իր «սիրած երկրի» հանդեպ։
Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք։ Առնվազն, մի շատ պարզ քայլ․ ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից։ Չի կարող Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող, մեր երկրին աղետներ ցանկացող եվ ընդհանրապես մարդատյաց խելագառը արժանացած լինի ՀՀ բարձրագույն պարգևներից մեկին։ Դա մեր ամոթն է»,-գրել է նա:
Ռուսաստանցի հաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ պետք է անտեսել միջազգային իրավունքն ու «հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում»։
«Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է»,-ասել է նա:





