AM
12 Հունվար 2026 - 07:01 AMT

Փաստաբան․ Արշակ սրբազանի կալանքի վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ իր ներկայացրած վերաքննիչ բողոքի քննարկումը վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է վաղը՝ հունվարի 12-ին։

Նրա տեղեկացմամբ, բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով, ինչը նշանակում է, որ այդ օրը դատական նիստ չի անցկացվի, եթե դատարանը որոշում չկայացնի բանավոր ընթացակարգին անցնելու վերաբերյալ։

«Այսինքն այդ օրը երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանամ կայացված որոշման մասին եւ կհայտնեմ այստեղ: Դատարան գնալու անհրաժեշտություն չկա»,-գրել է նա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է 2 ամսով դեկտեմբերի 5-ին:

Ավելի վաղ Բաբայանը ֆեյսբուքյան եթերում ասել էր․ «Խոսքն այն մասին է, թե իբր սրբազանը 2018 թվականին Վեհափառի դեմ ակցիաներից մեկի ժամանակ հանձնարարել է ինչ-որ մեկին ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնել, որպեսզի նրան վարկաբեկի։ Ամենաաբսուրդը սկսում է այստեղից։ Ապօրինի թմամիջոցների իրացման հոդվածը, որն արագ մեղսագրվեց, որևէ աղերս չունի այս նկարագրված փաստական հանգամանքների հետ։ Քննչականը հենց ինքն արդեն իսկ հերքում է այդ հոդվածը, քանի որ նպատակը եղել է ոչ թե թմրամիջոց իրացնելը, այլ թմրամիջոցն ինչ-որ տեղ դնելու միջոցով ինչ-որ անձի վարկաբեկելը»։