AM
12 Հունվար 2026 - 07:35 AMT

ՔԿԾ․ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով

Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ հացադուլ հայտարարած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը պահվում է առանձնացված խցում, սակայն պատժախցային պայմաններում չէ։

Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից՝ անդրադառնալով Սամսոնյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ փաստաբան Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը, տեղեկացնում է Factor.am-ը:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պատժախցային մասնաշենքում առկա են առանձնացված խցեր, որոնք իրենց պայմաններով չեն տարբերվում մյուս խցերից։ Կալանավորված անձ Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ նա գտնվում է սովորական ռեժիմում, և ապահովվում է նրա՝ առանձին հացադուլ իրականացնելու իրավունքը»,-հայտնել են ՔԿԾ-ից։

Հունվարի 9-ին դատարանը որոշել է երեք ամսով երկարաձգել «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։

Դատարանի այս որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ իր ձևակերպմամբ՝ «իրավական խայտառակությունը դադարեցնելու» պահանջով։