AM
12 Հունվար 2026 - 08:38 AMT

Դատախազությունը Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել

Դատախազությունը տնային կալանքի տակ գտնվող հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից կատարվել էր բացառապես երկու գործողություն.

1) Մուտքագրվել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք-պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել Սամվել Կարապետյանին,

2) մերժել Սամվել Կարապետյանի Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը:

Մեր փաստաբանական թիմի կողմից ևս ներկայացվել է և դեռևս ներկայացվելու են վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ, սակայն հարց է առաջանում իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի նույնական են, ավելին Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպես պետք է ներկայացնեին:

Պատասխանն ակնհայտ է, հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա բացառապես ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված…

Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս: Առաջիկայում կներկայացվեն այս զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ:

Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-ասվում է գրառման մեջ: Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով դեկտեմբերի 30-ին: