AM
12 Հունվար 2026 - 09:02 AMT

Սինանյան․ Չենք կարողանում կապ հաստատել Իրանի հայ համայնքի հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ հունվարի 9-ից որևէ տեղեկություն չունեն Իրանում բնակվող հայերից, իսկ ներկայումս էլ նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում, ինչն լուրջ մտահոգություն է առաջացրել, հայտնում է 1lurer.am-ը:

«Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում: Մենք շարունակելու ենք ջանքերը՝ կապ հաստատելու:

Երբ նման դեպք եղավ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում, մենք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին՝ Մեղրիում, և սահմանն անցնող մեր հայրենակցների միջոցով էինք սկսում ինֆորմացիա ստանալ: Երևի նույն բանը այսօրվանից պիտի սկսենք անել այնտեղ [Մեղրիում], այլապես, բնական է, տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում: Չունենք բավականին տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ երբ 2023-ին սկսվեց ՀԱՄԱՍ-Իսրայել առճակատման վերջին փուլը, ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում մեր հայրենակիցների մի մեծ խմբի ՀՀ-ն տարհանեց Իսրայելից: «Մենք էինք պնդում, որ դա տեղի ունենա: Հենց որ տեսնենք՝ համապատասխան տեղեկություն ունենք՝ կապված Իրանի մեր հայրենակիցների հետ, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անելու, Կառավարությունում, իհարկե դա կանենք: Բայց այս պահին մենք շատ անհանգստացած ենք, որովհետև ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ հունվարի 9-ին ամենասուր բախումների առաջին փուլն է եղել, չնայած ցույցերն արդեն 12-13 օր է, ինչ ընթանում են:

Ինչ վերաբերում է Իրան մասնագիտական խումբ ուղարկելուն, Զարեհ Սինանյանը դա իրատեսական չի համարում: Կարծում է՝ նախ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունենում հայաշատ երկու քաղաքներում, տեղեկություն ստանալ, ապա քայլեր ձեռնարկել:

Իրանում իրավիճակը ծայրահեղ լարված է, լուրեր են հասնում հարյուրավոր սպանվածների մասին։ Հակակառավարական ցույցերն առայժմ շարունակվում են։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանը հանդես է եկել բանակցություններ սկսելու առաջարկով։ Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները երկրում հայտարարել են եռօրյա սուգ։