AM
12 Հունվար 2026 - 09:07 AMT

Իրավապաշտպաններ․ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 500-ը

ԱՄՆ-ում տեղակայված HRANA իրավապաշտպան ցանցի տվյալներով՝ Իրանում հակակառավարական բողոքի ցույցերի արդյունքում զոհվածների թիվը հասել է 538-ի։ Այդ տվյալները հրապարակվել են հունվարի 11-ին՝ հիմնվելով նախնական տեղեկությունների վրա, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես հայտնում է DW-ի լրագրող Նիլուֆար Գոլամին, Իրանի իշխանությունները առաջին անգամ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր՝ ցուցարարներին վերահսկելու նպատակով։ Դրանց միջոցով հնարավոր է օդային դիտարկմամբ պարզել բողոքարարների ինքնությունը։

Բացի այդ, հունվարի 8-ից ի վեր երկրում ամբողջությամբ անջատվել է ինտերնետը, ինչի հետևանքով Իրանից տեղեկատվության հոսքը խիստ սահմանափակվել է։ Այս պահին անջատումը տևում է ավելի քան 70 ժամ։ Տեղեկատվություն հնարավոր է ստանալ միայն Starlink արբանյակային կապի միջոցով։

Մասնավորապես ընդգծվում է, որ զոհերի և ձերբակալվածների ստույգ թիվը հնարավոր չէ պարզել։ Գոլամին հավելել է, որ ուժայինների գործողությունները գնալով կոշտանում են, իսկ բողոքի ալիքը զգալիորեն տարբերվում է նախորդներից։

Նա նշել է․ «Դատելով բռնաճնշումների մասշտաբից, պաշտոնյաների սպառնալիքներից և պետական մեդիայի հռետորաբանությունից՝ իրավիճակն ամբողջովին այլ է և անսպասելի է դարձել իշխանությունների համար:Բուժհաստատություններում գտնվելն անգամ անվտանգ չէ։ Ուժայինների կողմից վիրավորներին առևանգելու ռիսկը շատ բարձր է։ Շատ դեպքերում նրանք հրաժարվում են սպանվածների մարմինները վերադարձնել ընտանիքներին»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արտահերթ ուղերձով դիմել է ժողովրդին՝ ի պատասխան երկրում աճող անկարգությունների։ Իր խոսքում նա վստահեցրել է, որ իշխանությունները պատրաստ են աջակցել խաղաղ բողոքողներին և շարունակել տնտեսական բարեփոխումները՝ բնակչության խնդիրները լուծելու նպատակով։

Միաժամանակ նա նշել է, որ բողոքի ցույցերին մասնակցում են նաև կազմակերպված խմբեր, որոնք բռնությունների, հրկիզումների ու սպանությունների միջոցով խաթարում են երկրի կայունությունը։

«Մենք պատրաստ ենք լսելու ժողովրդի ձայնը և վճռական ենք շարունակելու տնտեսական բարեփոխումները,-ասել է Փեզեշքիանը, հայտնում է «Վեստի Կավկազան»:

Նախագահը կոչ է արել քաղաքացիներին պաշտպանել հասարակական կարգը և ընդդիմանալ անկարգություններին։ Նա շեշտել է՝ պետք է տարբերել օրինական բողոքն ու հանցավոր գործողությունները։

Փեզեշքիանն ընդգծել է, որ իրավիճակի ապակայունացման պատասխանատուներն են ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք Իրանում գործում են հավաքագրված գործակալների միջոցով և փորձում իրականացնել պետական հեղաշրջում։

«Իրանական հասարակությունը չի ընդունում նրանց, ովքեր մզկիթներ են հրկիզում»,-ասել է Իրանի նախագահը:

Ելույթի ավարտին նա ցավակցություն է հայտնել անկարգությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին և կրկին հորդորել ցուցարարներին խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց պահանջները։ Փեզեշքյանը հավաստիացրել է, որ իշխանությունները պատրաստ են երկխոսության բոլորի հետ, ովքեր ցանկանում են բարելավել երկրի վիճակը։

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանում ընթացող զանգվածային բողոքի շարժմանը՝ բողոքարարներին բնութագրելով որպես հերոսներ և հայտարարելով, որ իշխանափոխության դեպքում Իսրայելը պատրաստ է գործընկերային հարաբերությունների Իրանի ժողովրդի հետ։

Կառավարության նիստում ունեցած ելույթի ընթացքում նա նշել է, որ Իսրայելն ուշադիր հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում զարգացող իրադարձություններին։

«Ազատության համար ցույցերը տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իսրայելի ժողովուրդը, ամբողջ աշխարհը հիացած են Իրանի քաղաքացիների անհավատալի հերոսությամբ։ Իսրայելը աջակցում է նրանց ազատության համար պայքարին և վճռականորեն դատապարտում է անմեղ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները»,-ասել է Բինյամին Նեթանյահու

Նա նաև հույս է հայտնել, որ պարսիկ ժողովուրդը շուտով կազատվի բռնապետությունից, ինչը, նրա խոսքով, հիմք կդառնա Իսրայելի և Իրանի միջև գործընկերության համար՝ ուղղված երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի կերտմանը։

Բողոքի զանգվածային ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին և շարունակվում են արդեն 15-րդ օրն անընդմեջ։ Չնայած ուժայինների կոշտ քայլերին և ինտերնետի բացակայությանը՝ ամեն օր հազարավոր մարդիկ դուրս են գալիս Թեհրանի և այլ քաղաքների փողոցներ։ Ցուցարարները զարկում են կաթսաներին և վանկարկում «Մահ Խամենեիին», իսկ վարորդները ավտոմեքենաների ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում։

Հունվարի 10-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է ճնշել բողոքի ալիքը։ Պետական հեռուստատեսությամբ հնչեցրած հայտարարությունում ասվում է․ «Պետական անվտանգության ապահովումը բանակի համար կարմիր գիծ է», և «զինված ուժերը ուժի կիրառմամբ կպաշտպանեն ազգային շահերը, երկրի ռազմավարական ենթակառուցվածքները և հանրային գույքը»։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանի իշխանություններին հետևանքների մասին՝ բողոքողների զոհվելու դեպքում՝ ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը «օգնել» Իրանին։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պենտագոնը արդեն մշակել է Իրանի դեմ հարձակման մի քանի պլան, որոնք ներկայացված են նախագահին։ Դրանք բաժանվում են երկու խմբի՝ մեկը նախատեսում է հարվածներ միայն ռազմական օբյեկտներին, մյուսը՝ հրթիռա-ռմբակոծիչ հարվածներ Իրանի պետական կառույցներին։