AM
29 Մայիս 2026 - 12:02 AMT

Վենս․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, բայց վերջնական պայմանավորվածություն դեռ չկա

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, բայց վերջնական պայմանավորվածություն դեռ չկա՝ նախ պետք է լուծեն մի շարք տարաձայնություններ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Այն հարցին, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը մոտ է համաձայնագիրը ստորագրելուն, Վենսը պատասխանել է, որ դեռ վաղ է ասել, թե կողմերը «երբ և արդյոք» վերջնականացնելու են պայմանավորվածությունը, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյաները հայտնել էին, որ երկու երկրները համաձայնեցրել են պայմանագրի շրջանակային տարբերակը՝ փոխըմբռնման հուշագրի տեսքով, որը դեռ պետք է հաստատվի Թրամփի և Իրանի ղեկավարության կողմից։

Ըստ հաղորդագրությունների՝ փաստաթուղթը նախատեսում է հրադադարի երկարաձգում 60 օրով և Իրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ բանակցությունների մեկնարկ։ Սակայն Իրանի կիսապաշտոնական «Թասնիմ» գործակալությունը հայտնել է, որ հուշագիրը դեռ վերջնականացված կամ պաշտոնապես հաստատված չէ։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ շրջանակային համաձայնությունը կարող է նախատեսել անարգել նավարկություն Հորմուզի նեղուցով և Իրանի կողմից 30 օրվա ընթացքում այդ ծովային ուղուց ականների հեռացում։

Նախատեսվում է նաև, որ ԱՄՆ-ն կվերացնի իր շրջափակումը և կտրամադրի պատժամիջոցային բացառություններ, որոնք Իրանին թույլ կտան վերսկսել նավթի վաճառքը։

Առաջինը հնարավոր պայմանավորվածության մասին հայտնել էր Axios-ը։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփը ծանոթացել է առաջարկին, սակայն անմիջապես չի հաստատել այն և որոշման համար մի քանի օր ժամանակ է վերցրել։

Հորմուզի նեղուցով սովորաբար անցնում է աշխարհի հեղուկացված բնական գազի և նավթի մոտ մեկ հինգերորդը, ուստի դրա փակումը զգալի ազդեցություն է ունեցել համաշխարհային վառելիքային առևտրի վրա։

Մայիսի 28-ի երեկոյան լրագրողների հետ զրույցում Վենսը նշել է, որ բանակցողները շարունակում են քննարկել «մի քանի ձևակերպումների հարցեր», այդ թվում՝ ուրանի հարստացման թեման։

«Մենք դեռ վերջնական արդյունքի չենք հասել, բայց շատ մոտ ենք և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ», – ասել է նա։

ԱՄՆ-ն երկար ժամանակ պահանջել է, որպեսզի Իրանը դադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը և հրաժարվի արդեն կուտակված պաշարներից, որոնք տեսականորեն կարող են օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում և հերքում է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը։

Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Վենսը լավատեսություն է հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմը կարծում է, թե իրանցիները բանակցում են «բարեխղճորեն»։

Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հրապարակել էին այն, ինչ բնութագրել էին որպես երկու երկրների միջև 14 կետից բաղկացած ոչ պաշտոնական փոխըմբռնման հուշագրի նախագիծ։

Այդ հրապարակման մեջ նշվել էր Իրանի նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակման վերացումը, ԱՄՆ զորքերի հեռացումը «Իրանի հարակից տարածքներից» և Հորմուզի նեղուցով ոչ ռազմական երթևեկության վերականգնումը՝ նավերի երթուղիների վերահսկողությունը փոխանցելով Իրանին և Օմանին։

Սպիտակ տունը այդ ենթադրյալ նախագծային փաստաթուղթը որակել է որպես «ամբողջությամբ հորինված»։

Ապրիլի 8-ից գործող հրադադարից հետո Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կողմերը մոտ են համաձայնության և բանակցությունները դրական ընթացք ունեն, սակայն մինչ այժմ շոշափելի արդյունքներ չեն արձանագրվել։

Նախագահի նկատմամբ աճող ճնշում է գործադրվում պատերազմն ավարտելու ուղղությամբ։ Նման կոչեր են հնչում ինչպես Պարսից ծոցի տարածաշրջանի դաշնակիցներից, այնպես էլ պատերազմին ընդդիմացող դեմոկրատներից և Կոնգրեսի որոշ հանրապետականներից, որոնք մտահոգություն են հայտնել հակամարտության երկարաձգման կապակցությամբ։

Հնարավոր համաձայնության վերաբերյալ հակասական տեղեկությունները վկայում են, որ բանակցությունները դեռևս շատ փոփոխական փուլում են։

Երկու կողմերն էլ վիճարկել են միմյանց հայտարարությունները և քիչ մանրամասներ են ներկայացրել առաջարկվող համաձայնության վերաբերյալ, ինչը կրկին հարցեր է առաջացրել, թե որքան մոտ են նրանք ռազմական գործողությունների ավարտին։

Թրամփը և այլ ամերիկացի պաշտոնյաներ զգուշացրել են, որ «Բ տարբերակը»՝ ռազմական գործողությունների վերսկսումը, շարունակում է մնալ օրակարգում։

Միևնույն ժամանակ հրադադարի երկարաձգումը հնարավորություն կտա ամերիկյան և իրանական պատվիրակություններին քննարկել առավել բարդ և տեխնիկական հարցերը, հատկապես Իրանի միջուկային ծրագրի և բարձր հարստացված ուրանի մնացած պաշարների շուրջ։ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերցնել այդ նյութերը կամ Իրանի հետ համատեղ դրանք չեզոքացնել տեղում կամ երրորդ երկրում։

Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հրաժարվել է հաստատել, որ համաձայնություն արդեն ձեռք է բերվել։

«Միշտ սխալ է նախագահից առաջ ընկնելը, և վերջնական որոշումը լինելու է նախագահի որոշումը», – ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր խաղաղության համաձայնագիրը ներառելու է Իրանի վերականգնման ծրագրեր, Բեսենթը պատասխանել է. «Նախ պետք է հասնենք համաձայնության, հետո նոր անցնենք մյուս հարցերին»։

Միաժամանակ վերջին օրերին և Իրանը, և ԱՄՆ-ն միմյանց մեղադրել են փխրուն հրադադարը խախտելու մեջ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ թիրախավորել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկը՝ Իրանի հարավային շրջանների նկատմամբ գիշերային նոր հարվածներից հետո։

Իրանական պետական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ երկրի ուժերը խոցել են ամերիկյան օդանավ, հնարավոր է՝ անօդաչու սարք։ Սակայն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է այդ տեղեկությունները՝ հայտարարելով. «ԱՄՆ որևէ օդանավ չի խոցվել։ Ամերիկյան բոլոր օդային միջոցների հաշվառումը կատարված է»։