AM
26 Մայիս 2026 - 08:28 AMT

Պուտինը բանակի կիրառման իրավունք է ստացել արտերկրում ռուսաստանցիներին պաշտպանելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով նախագահին իրավունք է վերապահվում Ռուսաստանի զինված ուժերն օգտագործել «արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար»։

Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովն օրենքի անհրաժեշտությունը կապել է Լեհաստանում ձերբակալված հնագետ Ալեքսանդր Բուտյագինի գործի հետ։ Ապրիլի վերջին վերջինս ազատ է արձակվել, գրում է Meduza-ն:

«Կոմերսանտի» կողմից հարցված իրավաբանները ենթադրել են, որ խոսքը կարող է վերաբերել պատժամիջոցների ցանկում ընդգրկված «ստվերային նավատորմի» նավերի ուղեկցման կամ պահպանության «օրենսդրական ձևակերպմանը»։ Ռուսական ռազմածովային ուժերի նավերը նման նավերն ուղեկցում են նաև այժմ։

The Bell-ը ռուսական այս օրենքը համեմատել է ամերիկյան «Ամերիկացի զինծառայողների պաշտպանության մասին» օրենքի հետ, որի նպատակը ամերիկացի զինվորականներին և պաշտոնյաներին Միջազգային քրեական դատարանի գործողություններից պաշտպանելն է։ Ավելի վաղ այդ դատարանը Պուտինի ձերբակալման օրդեր էր տվել։

2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ՌԴ զինված ուժերի լայնածավալ ներխուժումից անմիջապես առաջ, Վլադիմիր Պուտինն ստացել էր Ռուսաստանի զինված ուժերն արտերկրում օգտագործելու իրավունք։ Այդ որոշումն ընդունել էր Դաշնության խորհուրդը։