Սիրիայի ներկայիս իրավիճակը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բնութագրել է որպես «քրոնիկ»՝ նշելով, որ ցավով է արձանագրում՝ մարդիկ կարծես արդեն հարմարվել են այդ վիճակին։ Այդ մասին նա հայտնել է ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Սիրիայում կառավարական և քրդական ուժերի միջև տեղի ունեցող բախումներին ու դրանց ազդեցությանը հայ համայնքի վրա։
«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, և եթե այդ հնարավորությունն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն՝ խաղաղ պայմաններ լինում են պարբերաբար, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան մշուշոտ է Սիրիայում: Այս բախումներն էլ, որ Հալեպում կան, բավականին լուրջ բախումներ են կառավարական ուժերի և քրդական միավորումների միջև»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Նա հավելել է, որ մեր հայրենակիցների հետ մշտական կապի մեջ են, տեղյակ են բոլոր զարգացումներից:
Սինանյանը նաև ասել է, որ հայրենադարձների ամենամեծ հոսքը 2025 թվականին շարունակել է լինել Ռուսաստանից։ Ըստ նրա՝ հաջորդում են Մերձավոր Արևելքի մեր հայրենակիցները՝ Սիրիայից, Լիբանանից, Իրանից, իսկ մյուս խումբը ներառում է ԱՄՆ-ն, Արգենտինան, Ֆրանսիան և այլ երկրներ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հայրենադարձությունը եղել է առանց թվերի մեծ աճի կամ անկման։ Իրականում ամենամեծ աճը գրանցվել է 2022-2023 թվականներին՝ կապված ռուս-ուկրաինական առճակատման հետ»,– ասել է նա։
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, ըստ Սինանյանի, շարունակում է աշխատել, սակայն պետությանը մասշտաբային հայրենադարձություն է հարկավոր։
«Ճիշտ է, որ հայ մարդիկ ապրեն Հայաստանում։ Սա ասում եմ՝ հասկանալով, որ սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը չի գալու Հայաստան ապրելու՝ նույնիսկ լավագույն պայմանների դեպքում։ Բայց կա մի կրիտիկական մաս, որը պետք է գա ու հաստատվի ՀՀ-ում, որովհետև մենք ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր և մշուշոտ ապագա, եթե չկարողանանք ավելացնել երկրի բնակչությունը»,– հավելել է Սինանյանը։
Նրա խոսքով՝ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ հայրենադարձություն ապահովելու գործիքներից մեկը ֆինանսական միջոցներ հատկացնելն է։ Սինանյանը կարծում է` գալու է մի պահ, որ ՀՀ-ն իր անվտանգային խնդիրների համատեքստում ուշադրություն է սևեռելու ժողովրդագրական պատկերը փոխելու վրա, քանի որ ծնելիության ցուցանիշները բոլորովին այլ միտում ունեն։
Օրեր առաջ Սիրիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Հալեպում, քրդական խմբավորումների հետ մի քանի օր տևած ծանր բախումներից հետո, հաստատվել է հրադադար։ Այդ բախումների ընթացքում՝ որոնց մասնակից են եղել Սիրիայի կառավարական ուժերն ու քրդական ստորաբաժանումները, զոհվել է նվազագույնը 21 քաղաքացի։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների, սիրիական բանակը վերջերս ավարտել է գործողությունները Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում, ինչի արդյունքում կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի զգալի հատվածը, ներառյալ այն տարածքները, որոնք նախկինում գտնվել են քրդերի վերահսկողության ներքո։





