Կառավարությունը քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու ռազմավարությունների ձևավորման և դրանց իրականացումը վերահսկող քննարկումների գործընթացին։
Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում 2025 թվականի սեպտեմբերին Կառավարության աշխատակարգում կատարված փոփոխություններով մեկնարկել է ռազմավարական կառավարման նոր մոդելի ներդրումը։ Նպատակն է անցում կատարել փաստաթղթային պլանավորումից դեպի տվյալահենք և արդյունքամետ կառավարում։
Նոր համակարգով՝
- սահմանվել է ռազմավարական պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգությունը,
- սահմանվել են մեթոդական պահանջներ ու ձևաչափեր,
- ձևավորվել է ռազմավարական կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը՝ պատասխանատու գերատեսչություններով և ընթացակարգերով,
- ներդրվել է մշտադիտարկման ու կատարողականի գնահատման նոր մեխանիզմ՝ թվային գործիքով, որը ներկայում մշակվում է։
Ըստ նոր համակարգի՝ մշակվելու են 6 ռազմավարություններ՝ համախմբելով պետական մարմիններին վերապահված գործառույթները ըստ ոլորտների։ Վարչապետի որոշմամբ՝ այս գործընթացը համակարգելու համար ձևավորվել են 6 աշխատանքային խմբեր՝ փոխվարչապետերի նախագահությամբ և շահառու մարմինների մասնակցությամբ։
Մասնակցային մոդելը նաև նախատեսում է յուրաքանչյուր աշխատանքային խմբի շրջանակում ստեղծել քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներից կազմված ոչ ֆորմալ հարթակներ՝ ՔՀԿ հարթակներ։ Այս հարթակները քննարկելու են ռազմավարությունների բովանդակությունը, դրանց կատարողականն ու առաջընթացի հաշվետվությունները, ինչպես նաև ներկայացնելու են իրենց ուսումնասիրություններն ու նախաձեռնությունները։
Ռազմավարական պլանավորումն ընդգրկում է հետևյալ 6 ուղղությունները՝
- Անվտանգություն և արտաքին քաղաքականություն՝ ներառյալ պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ներքին անվտանգության, կիբեռանվտանգության, պարենային անվտանգության և աղետների ռիսկերի կառավարման ոլորտները։
- Մարդկային կապիտալ և բարեկեցություն՝ ընդգրկելով ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ, սոցիալական պաշտպանություն և շրջակա միջավայրի պաշտպանություն։
- Տնտեսական փոխակերպում և կայուն զարգացում՝ ներառյալ տնտեսության վերափոխում, զբաղվածություն, նորարարություն, ֆինանսական համակարգ, առևտուր, ներդրումներ, բնական ռեսուրսների կառավարում։
- Տարածքային և ենթակառուցվածքների զարգացում՝ ընդգրկելով հողօգտագործում, քաղաքաշինություն, տրանսպորտ, կապ, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրային համակարգեր և թափոնների կառավարում։
- Արդարադատության ոլորտի բարեփոխումներ՝ ներառյալ դատական և արտադատական կարգով վեճերի լուծում, մարդու իրավունքներ, հակակոռուպցիոն քաղաքականություն, քրեակատարողական և պրոբացիոն համակարգեր։
- Հանրային կառավարման բարեփոխումներ՝ քաղաքականությունների մշակման, ՏԻՄ-երի, հանրային ֆինանսների, թվային կառավարման, պետական ծառայության և տվյալների կառավարման ոլորտներով։
Մասնակցելու իրավունք ունեն՝
- ՀԿ-ներ, որոնք համապատասխան ոլորտում ունեն առնվազն 3 տարվա փորձ և կարող են փաստաթղթերով ներկայացնել իրենց գործունեությունը։
- Ակադեմիական կառույցներ՝ բուհեր և նրանց կազմում գործող կենտրոններ, ֆակուլտետներ և այլն։
- Առնվազն 5 տարի գործող մասնավոր իրավաբանական անձինք, որոնք ունեն նվազագույնը 50 աշխատակից։





