AM
12 Հունվար 2026 - 12:38 AMT

Գարեգին Բ-ի հասցեին արտահայտության համար քրեական վարույթ է նախաձեռնվել

Գառնիի եկեղեցու բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի եկած անձանցից մեկի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին արտահայտության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Գործը վերաբերում է դեկտեմբերի 28-ին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպին, երբ լրագրողը ներկաներից մեկին հարցրել է. «Ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», իսկ հարցվողը պատասխանել է՝ «մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»։

Դեկտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ հայտարարությունը, և հնարավոր հանցակազմի պարագայում գործը կփոխանցվի Քննչական կոմիտե։

«2026 թվականի հունվարի 7-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնության կոչ լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն»,– հայտնել են դատախազությունից։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հիշյալ արտահայտության հեղինակը Գառնիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ տնտեսության աշխատակից Էդվարդ Ստեփանյանն է, որը զբաղվում է ջրաչափերի սպասարկման աշխատանքներով։