AM
12 Հունվար 2026 - 12:45 AMT

Եղոյան․ Չեմ տեսնում Սոլովյովի ասածի վերաբերյալ քննարկումներ, հարցեր, հարցումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությանը, թե Հայաստանում պետք է «հատուկ ռազմական գործողություն» սկսել։ Եղոյանը քննադատել է թե՛ ընդդիմությանը, թե՛ լրատվամիջոցներին, թե՛ փորձագիտական համայնքին՝ այս հայտարարության շուրջ լռության համար` տարակուսելով, որ դրա վերաբերյալ չկան քննարկումներ, հարցեր, հարցումներ:

«Հայկական մամուլում փնտրում ու չեմ գտնում Ռուսական պետական հեռուստաընկերության լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությունը, թե Հայաստանում պետք է հատուկ ռազմական գործողություն սկսել։ Ոչ միայն այդ հայտարարությունը չեմ գտնում, այլ` չեմ տեսնում նաև դրա վերաբերյալ քննարկումներ, հարցեր, հարցումներ, կարծիքներ, բանավեճեր, հրատապ մամուլի ասուլիսներ, շտապ հավաքներ։ Տեսա միայն կարծիք հարցնողների վրա մի երկու հոգու մունաթ, իսկ բուն ասվածի վերաբերյալ քննարկումներ մեր ազատ մամուլը ե՞րբ է սկսելու։

Թուրքիայի ու Ադրբեջանի հայտնի ու անհայտ լրագրողների, փորձագետների, բլոգերների, պատահական անցորդների խոսքը հայկական մեդիա բերող և դրանց վրա աշխարհքաղաքական վերլուծություններ կառուցող, հեռախոսը ձեռքներին, հունվարյան սառույցի վրայով վազելով հարցեր տվող լրագրողները լուռ են, չեն նկատել աշխարհում ամենահայտնի ռուս լրագրողի սպառնալիքը։ Լուռ է նաև ընդդիմությունը։ Մեր բազմաթիվ թուրքագետների, ադրբեջանագետների, ցորենագետների ու բենզինագետների կողքին գոնե մի երկու ռուսագետ չկա՞, գոնե նրանք մի փորձագիտական կարծիք ասեին։

Ղազախական ցորենի լաբորատոր փորձաքննության հետևից Միջին Ասիայի հեռուները հասնում են, Լուգանսկի քաղաքացի, Հայաստանում անհայտ մի թուրք լրագրողի կեղծ լուրը Հայաստանում 10 մզկիթներ կառուցելու մասին տարածում են, բայց պարոն Սոլովյովին անտեսում են։

Տիկնայք և պարոնայք, ինչո՞ւ մեր հանրությանը չեք տեղեկացնում Ռուսաստանից հնչող այս սպառնալիքի մասին և մեկնաբանում այն։ Ինչո՞ւ այն չեք դարձնում քննարկման թեմա։ Դա էակա՞ն չէ, ոմն Օկայ Դեպրեմից ավելի քիչ ուշադրության արժանի՞ է Վլադիմիր Սոլովյովը։ Չկա-չկա, այն երկուշաբաթական ֆրանսիական դոմեյնով սունկ կայքի չա՞փ էլ չկա, որ կեղծ լուր էր տարածել, թե վարչապետը Մարսելում իբր առանձնատուն է գնել։ Լուրջ չեք վերաբերվո՞ւ՞մ իր ասածին, թե` համարում եք, որ վատ բան չի ասել»,-գրել է նա:

Ռուսաստանցի հաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ պետք է անտեսել միջազգային իրավունքն ու «հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում»։

«Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է»,-ասել է նա: