AM
12 Հունվար 2026 - 13:57 AMT

Կոպիրկինին բողոքի նոտա է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների առնչությամբ

Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին հայտնել են ԱԳՆ-ից, տեղեկացնում է Factor.am-ը:

«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ: Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,-հայտնել են ԱԳՆ-ից:

Ռուսաստանցի հաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ պետք է անտեսել միջազգային իրավունքն ու «հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում»։

«Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է»,-ասել է նա: