Մասյացոտնի թեմի երիտասարդական միություններն ու անդամներն ու աջակցություն են հայտնել թեմի նորանշանակ առաջնորդ տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ:
Երիտասարդաց միությունների անդամները վերահաստատել են հավատարմությունը Հայ եկեղեցու Նվիրապետական կարգին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
«Մեծ ցավ է տեսնել մեր մի քանի հոգևոր հայրերի խռովարար հայտարարությունները, և տարակուսելի են նրանց քայլերը, որոնցով երիտասարդներին փորձում են ներքաշել բաժանարար մոտեցումների մեջ, ինչը կարող է գայթակղություն ստեղծել և՛ երիտասարդների, և՛ ավագ սերնդի հավատացյալների համար։
Մեր ամենաջերմ հիշողություններով և միասին անցած ճանապարհի կարոտով՝ աղոթում ենք, որ Տերը հեռու վանի մեզնից պառակտիչ փորձությունները և կենարար խաղաղություն և իմաստություն շնորհի ամենքիս»,-ասվում է հայտարարության մեջ:
Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: Առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքել է՝ գրելով, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։





