Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ներկա գտնվելու հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը:
«Հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,-ասել են դատախազությունից:
Մասիսի եկեղեցու տարածքում օրեր առաջ, լրագրողի հարցին ի պատասխան, ներկաներից մեկն ասել էր, որ մասնակցել է պատարագին ոչ իր նախաձեռնությամբ, այլ վերադասի պահանջով։
Նա ասել է. «Ես երկար չեմ կարող կանգնել, պահանջել են՝ եկել եմ, ի՞նչ անեմ։ Կոմունալի աշխատող ենք, պահանջել են, պտի գանք։ Առհասարակ չեմ եկել, առաջին անգամ եմ եկել։ Ես հիվանդանոցից եմ եկել»։
Քաղաքացին, որն այդ պահին ներկայացել է որպես Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից, հրաժարվել է բացահայտել, թե կոնկրետ ով է պահանջել իր ներկայությունը պատարագին՝ գործընկերոջ շշուկով հուշումից հետո։
Վեդիի համայնքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանն է, որը մինչ այս քաղաքացու հայտարարությունը պնդել էր, որ ոչ ոք պատարագին չի մասնակցել ճնշման արդյունքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։





