«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական ագրեսիայի կոչի առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Այսօր Իրազեկով Դատախազություն հաղորդումներ ենք ներկայացրել Սոլովյովի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի (ՔՕ 151) և Վեդու կոմունալի աշխատողի նկատմամբ հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի (ՔՕ 236) դեպքերով»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի նոտա, «որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ»:
Ռուսաստանցի հաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ պետք է անտեսել միջազգային իրավունքն ու «հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում»։
«Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է»,-ասել է նա:





