Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անձամբ հանդիպել է բողոքի ցույցերի ներկայացուցիչների հետ։ Մինչ այդ նա մասնակցել է մի ցույցի, որտեղ դատապարտվել են ցուցարարների գործողությունները։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Կառավարությունը ճանաչել է բողոքները և բանակցություններ է վարել բողոքողների ներկայացուցիչների հետ, նախագահը հանդիպել է նրանց»,-ասել է նա, հայտնում է «Վեստի Կավկազան»:
Ավելի վաղ Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր Մասուդ Փեզեշքիանի մասնակցության մասին Թեհրանում անցկացված քայլերթին, որի մասնակիցները դատապարտել են ցուցարարների գործողությունները։ Կառավարամետ ցույցեր են անցկացվել նաև մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Բիրջենդում, Զահեդանում, Զենջանում, Իլամում, Կերմանում, Կումում, Ռեշտում, Համադանում և Շեհրեկորդում։
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում, պատրաստ է կիրառել երկրի զինված ուժերը Իրանի դեմ, սակայն դիվանագիտական լուծումը մնում է գերակա։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հայտնում է Fox News-ը:
«Նախագահ Թրամփը միշտ ասել է, որ դիվանագիտությունն է առաջնահերթ տարբերակը։ Դա միշտ այդպես է եղել և կլինի, սակայն նա չի վախենա կիրառել մահաբեր զենք ու ԱՄՆ զինված ուժերի հզորությունը, եթե դա անհրաժեշտ համարի», – ասել է Լևիթը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են ապակայունացնել Իրանը՝ փորձելով հասնել այն նպատակներին, որոնք չեն կարողացել իրականացնել ռազմական ճանապարհով։
«ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են Իրանում իրավիճակի ապակայունացման միջոցով հասնել նրան, ինչին չկարողացան հասնել պատերազմով», – ասել է Արաքչին Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա շեշտել է, որ Թեհրանը թույլ չի տալու, որ շարունակեն գործել արտաքին աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումները, «հատկապես Իսրայելի կողմից»։
Աղբյուրը Իրանի անվտանգության ծառայություններում հայտնել է, որ անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ՝ այդ թվում խաղաղ բնակիչներ, ոստիկանության աշխատակիցներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մարտիկներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ զոհվածներից 110-ը եղել են ոստիկանության, ԻՀՊԿ-ի և կամավորական «Բասիջ» ուժերի ներկայացուցիչներ։ Բացի այդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Նույն աղբյուրը տեղեկացրել է, որ անկարգությունները տարածվել են երկրի 31 նահանգի ավելի քան 500 բնակավայրում։ Ցուցարարները օգտագործել են ինչպես հրազեն, այնպես էլ սառը զենք՝ դանակներ, մաչետեներ, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկներ։ Նա նշել է նաև, որ կազմակերպիչները միտումնավոր հրահրել են բախումներ ոստիկանության հետ՝ ներգրավելով նաև ուրիշներին։
Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղի ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով։ Հունվարի 8-ից, երբ Իրանի 1979 թ․ տապալված շահի որդի Ռեզա Փեհլևին հանդես եկավ կոչերով, բողոքի շարժումը նոր թափ է հավաքել։ Նույն օրը երկրում անջատվել է ինտերնետը։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են բախումների իրավապահների հետ։ Տեղեկություններ են եղել զոհերի մասին երկու կողմերից էլ։ Իրանի իշխանությունները, մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին անկարգությունների կազմակերպման մեջ, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է։





