ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համատեղ հայտարարություն կանեն «Թրամփի ուղու»՝ TRIPP-ի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն», – ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 13-ին Մարկո Ռուբիոն Պետդեպարտամենտում կընդունի Հայաստանի արտգործնախարարին։
Միրզոյանի ու Ռուբիոյի երկկողմ հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով ժամը 12։00‑ին (Երևանի ժամանակով՝ 21։00‑ին)։ Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը, Բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանը:





