AM
13 Հունվար 2026 - 12:22 AMT

Նախարար․ Սև լճի մոտի դիրքին հասնելու համար ՀՀ զինվորներն ադրբեջանականի մոտով են անցնում, բայց նրանց չեն ստուգում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լճի տարածքին վերաբերող հարցերին, հաստատել է, որ այնտեղ գոյություն ունի հայկական դիրք, որտեղ հասնելու միակ ճանապարհը անցնում է ադրբեջանական դիրքի կողքով։

«2021 թվականի մայիսից հետո ստեղծված իրավիճակում Սև լճի տարածքում մի դիրք ունենք, որտեղ հասնելու համար մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց նրանց չեն ստուգում», – ասել է նախարարը՝ անդրադառնալով շրջանառվող պնդումներին, թե ադրբեջանցիները ոտքից գլուխ ստուգում են իրենց տեղադրած անցակետի տարածքով անցնող հայ զինծառայողներին, հայտնում է Aravot.am-ը:

«Խնդիրը հետևյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ։ Դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականին և դրանից հետո պատասխանատվություն են կրել։ Դուք էլ ակտիվորեն լուսաբանում եք այդ մարդկանց, նրանց հարց տվեք, ասեք՝ ո՞նց է այդ դիրքը հայտնվել այդ դիրքում, հարգելի նախկին պաշտոնյաներ։ Այդ հատվածում նախկինում լարվածություն առաջացել է, բայց ամիսներ շարունակ խնդիրներ չեն եղել», – նշել է Սուրեն Պապիկյանը։

Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու ադրբեջանական կողմից բռնազավթված տարածքները չեն վերադարձվում։ Պապիկյանը վերահաստատել է կառավարության դիրքորոշումը՝ շեշտելով, որ այդ հարցերը պետք է կարգավորվեն սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում։

«Նախկինում էլ բազմիցս ասել եմ՝ այս հարցերը կարգավորվելու են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Եվ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է, որը, բնականաբար, ես ամբողջությամբ կիսում եմ։ Կարծում եմ՝ սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում», – եզրափակել է նախարարը։

Ադրբեջանցի զինվորականները 2021-и մայիսի 12-ից առաջ են եկել Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և ամրապնդվել այնտեղ։ Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ու Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ով դեսպանների հետ այցելել է Սև լճի մոտակա տարածք, ասել էր, որ ԵՄ-ն ինչպես ցանկացած պարագայում, այնպես էլ հիմա հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, սակայն մինչ օրս իրավիճակը չի փոխվել: