AM
14 Հունվար 2026 - 10:06 AMT

Հայր Ասողիկը հարցաքննության է կանչվել ՔԿ՝ Սբ Գեղարդին առնչվող վարույթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրվել է հարցաքննության՝ Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ, հայտնում է Aysor.am-ը:

«Չենք մեկնաբանում»,- ասել է նա։

Հայր Ասողիկի հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նշված դեպքի հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է։

Ավելի վաղ իշխանամերձ լրատվականները գրել էին, թե, իբր,Հայոց եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է։ Հայր Ասողիկն արձագանքել էր այս տեղեկությանը՝ նշելով, որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը:

«Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ոչ միայն ազգային սրբություն է, այլև՝ համաքրիստոնեական սուրբ մասունք, որը դարեր շարունակ պահվել է Հայոց եկեղեցում և, այլևս, 2014 թ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տարին մեկ անգամ դուրս է բերվում Մայր Տաճար, որպեսզի հայ և օտարազգի ուխտավորները մոտենան և անկեղծ հավատքով համբուրեն այդ հրաշագործ սրբությունը:

Բնավ, երբեք ուշ չդարձնեք, սիրելիներ, այդ սուտ և զազիր խոսքերին ու տեսանյութերին, որոնք կրկին սկսել են շրջանառել որոշ շրջանակներ՝ այդպես խժդժություն առաջ բերելու չարանենգ նպատակով:

Բարեպաշտ հայորդիք հավատարիմ են իրենց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ունեն հոգևոր ու ազգային ինքնագիտակցություն՝ հրաժարվելով ու հեռացնելով ամենայն չարից ու չար խորհուրդ, չար խոսք ու գործ:

Վստահ եմ, որ Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. եղիցի, եղիցի»,- նշել էր Ասողիկ աբեղան: