AM
14 Հունվար 2026 - 12:29 AMT

Ադրբեջանը 4 գերի է փոխանցել ՀՀ-ին

Ադրբեջանը 4 գերի է փոխանցել ՀՀ-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի ուշ Փաշինյանը հայտնել է, որ Սուջյանը, Դավթյանը, Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։

«Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»,-գրել է վարչապետը:

Մի քանի օր առաջ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը, որի առողջական վիճակը խիստ վատթարացել էր գերության մեջ, կնոջն ուղղված նամակում խնդրել էր հետաձգել որդու հարսանիքը:

Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի բնակիչ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Նա հոսպիտալացվել էր:

2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, հայտնի էր դարձել, որ Բերձոր-Շուշի ճանապարհին գերեվարվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։2021 թ. Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ մեղադրելով լրտեսության մեջ։