AM
14 Հունվար 2026 - 14:50 AMT

Ղրղզստանում առաջարկել են Սոլովյովին հայտարարել անցանկալի անձ

Ղրղզստանի քննարկվում է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին անցանկալի անձ հայտարարելու և նրա մուտքը երկրի տարածք արգելելու հարցը։ Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասքատ Ալագոզովը՝ նշելով, որ նման առաջարկով է հանդես եկել երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը, հայտնում է «Ազատությունը»:

Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված հաղորդումներից մեկում Սոլովյովը Կենտրոնական Ասիան «ռուսական տարածաշրջան» էր անվանել՝ կոչ անելով այնտեղ, անհրաժեշտության դեպքում, հատուկ ռազմական գործողություն իրականացնել։

«Նման հայտարարությունները հարկավոր է ընկալել որպես ռուսաստանցի լրագրողի ժամեր տևող հաղորդումների ընթացքում հնչած հերթական դատարկ ու անլուրջ հայտարարություն», – նշել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարության կապակցությամբ:

Ռուսաստանցի հաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ պետք է անտեսել միջազգային իրավունքն ու «հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում»։ «Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է»,-ասել է նա: