AM
15 Հունվար 2026 - 08:07 AMT

Արագածոտնի թեմը չեղարկել է ուխտագնացությունը Հովհաննավանք՝ բախումներից խուսափելու համար

Արագածոտնի թեմը չեղարկել է Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք դեռևս հունվարի 10-ին հայտարարված ուխտագնացություն-ուխտերթը՝ բախումներից խուսափելու համար:

Հունվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որը միաժամանակ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։

«Մեզ հասած տեղեկություններով` վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ սուրբ պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,– հայտարարել է Արագածոտի թեմը։

Պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ տեր Մկրտիչ քահանա Երանյանը։

Տոնի կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

«Մաղթում ենք հավատավոր մեր ժողովրդին շնորհառատ օրհնություններ և աղոթական տրամադրություն, որպեսզի նման զազրելի իրողություններն այլևս տեղ չգտնեն մեր կյանքում ու ձեր աղոթքների շնորհիվ մեր եկեղեցու և հայրենիքի մեջ հաստատվի Քրիստոսի խաղաղությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։