AM
15 Հունվար 2026 - 08:20 AMT

«Հետք»․ Վարչապետն ու փոխվարչապետները 2025-ին 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել, հայտնում է «Հետքը»:

Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը` 491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար: «Հետքը» գրավոր հարցմամբ Կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի աշխատակազմի, վարչապետի և փոխվարչապետների 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ:

Վերոնշյալ ընդհանուր գումարից մոտ 381 մլն 848 հազար դրամը տրամադրվել է 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ ելնելով պետական կառավարման մարմինների առաջնահերթությունների կատարողականից։ Այս գումարը ստացել են նշված ժամանակահատվածում ծառայած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու փոխվարչապետները։

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ կառավարությունը չի ներկայացրել Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի պարգևավճարների ճշգրիտ չափը տվյալ ժամանակահատվածում, սակայն նշել է, որ երկու փոխվարչապետները միասին 2021-2025 թվականների ընթացքում ստացել են մոտ 106 մլն 738 հազար դրամ։

Վարչապետի պարգևավճարը՝ մոտ 11 մլն 950 հազար 800 դրամ, ներկայացվել է առանձին՝ կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա։

Կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել է որոշում՝ հաստատելով պետական կառավարման մարմինների կատարողականի գնահատման ու խրախուսման պիլոտային կարգը, որի նպատակն է խթանել ռազմավարական նպատակներին ու ծրագրերին համապատասխան առաջնահերթությունների բարձր կատարողականը։ Ծրագրի իրականացման ժամկետը սահմանվել է 24 ամիս՝ 2025 և 2026 թվականների կիսամյակներով որպես հաշվետու ժամանակահատվածներ։

Ցանկում ընդգրկված է 16 մարմին, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմը, բոլոր նախարարությունները, ինչպես նաև Կադաստրի, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեները։

Յուրաքանչյուր կառույց առաջարկում է իր առաջնահերթությունները և համապատասխան արդյունքային ցուցանիշները՝ համաձայն վարչապետի հանձնարարականների։ Դրանք քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետների հետ, որից հետո ներկայացվում են վարչապետի հաստատմանը։

Վարչապետի աշխատակազմին ներկայացվում է յուրաքանչյուր կիսամյակի հաշվետվություն՝ կատարողականի գնահատման մեթոդաբանությամբ կազմված՝ «ամբողջությամբ կատարված է», «հիմնականում կատարված է» և այլ գնահատականներով։ Այս գնահատականների հիման վրա էլ հաշվարկվում է խրախուսման միավորների քանակը՝ օրինակ՝ 5 միավոր՝ լիարժեք կատարման դեպքում, 4 միավոր՝ հիմնականում կատարվածի համար և այլն։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին կառավարությունը հաստատել է նաև խրախուսման ֆոնդի հաշվարկման համար անհրաժեշտ գործակիցների համակարգը՝ ըստ պաշտոնների։ Այդ որոշումների հիման վրա է տրամադրվել նաև մոտ 381 մլն 848 հազար դրամ պարգևավճարը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներն այս գումարները ստացել են՝ ելնելով իրենց պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային և տարեկան արդյունքներից ու կատարողականից։