ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանն անդրադարձել է գերությունից վերադարձած հայերի խնդրին՝ կարևորելով տեղի ունեցածը, բայց միաժամանակ մտահոգություն է հայտնել դեռ պահվող գերիների ճակատագրի վերաբերյալ, քանի որ, «ՀՀ-ում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար»:
«Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս, հատկապես վերադարձված պատանդների ընտանիքներին՝ հայրենակիցների վերադարձի կապակցությամբ։ Իրապես սա հաջողություն է, որովհետև մարդիկ ծանր փորձություններով են անցել և տևական ժամանակ Ադրբեջանում գտնվելուց հետո վերադարձել են հայրենիք»,– նշել է Համբարձումյանը, հայտնում է «Փաստինֆոն»:
Նրա խոսքով՝ գործընթացի արդյունավետությունը չպետք է միայն փոխանակման համարժեքությամբ գնահատել, քանի որ կարևորագույն ձեռքբերումը չորս գերիների վերադարձն է։
«Արդյո՞ք արժեր փոխանակում անել, թե ոչ, գնահատելն այնքան էլ ճիշտ չէ։ Ամեն դեպքում դրա արդյունքում հաջողվեց վերադարձնել չորս մեր հայրենակիցների»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, Համբարձումյանը հիշեցրել է 2020 թվականի իրադարձությունները՝ շեշտելով, թե որքան կարևոր էր Սիրիայից տեղափոխված վարձկանների գերեվարումը հայկական կողմի համար։
«Եթե մի փոքր հետ գնանք 2020 թվական և վերհիշենք, թե ինչ հանգամանքներում գերեվարվեցին Սիրիայից ժամանած այդ վարձկանները, պետք է արձանագրենք, որ դա իսկապես մեծ հաջողություն էր մեր զինված ուժերի և հատուկ ծառայությունների համար։ Այդ գերեվարումը թույլ տվեց աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի կողմից կռվում էին Սիրիայից տեղափոխված վարձկաններ»,– ընդգծել է Համբարձումյանը։
Նա նաև կարևորել է այդ գործողության տեղեկատվական ազդեցությունը։
«Դա նաև մեծ հաջողություն էր այն իմաստով, որ ԱԱԾ-ին և զինված ուժերին ապահովեց կարևոր տեղեկատվական հոսքով՝ կապված վարձկանների ժամանման, նրանց կապերի և գործունեության հետ»,– նշել է նա։
Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Համբարձումյանը մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ դեռ կան հայեր, որոնք մնում են ադրբեջանական կողմում։
«Մտահոգիչ է, որ մենք դեռ ունենք հայրենակիցներ, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Ինձ համար պարզապես անհասկանալի է, թե այդ մարդկանց ճակատագիրն ապագայում ինչպես է որոշվելու»,– ասել է նա։
Նա հավելել է, որ իր ունեցած տվյալներով՝ ներկայումս Հայաստանում չկան որևէ անձինք, որոնք Թուրքիայի կամ Ադրբեջանի համար կարող են շահառու լինել հնարավոր փոխանակման տեսանկյունից։
«Եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Եթե կան, ես նման տեղեկություն չունեմ։ Իմ ունեցած տվյալներով՝ նման անձիք այլևս չկան»,– նշել է նա։
Եզրափակելով՝ Համբարձումյանը հնչեցրել է իր համոզմունքը, որ գերիների վերադարձի հետագա հեռանկարը կախված է բացառապես Բաքվի քաղաքական դիրքորոշումից։
«Չեմ հավատում, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի ստեղծել այնպիսի իրավիճակներ, որտեղ հնարավոր կլինի նոր փոխանակումներ իրականացնել։ Այսօրվա քաղաքականության պայմաններում նման սցենարներ պարզապես դժվար է պատկերացնել: Կուզենայի հաշվի առնել նաև, որ նրանք վարձկաններ են, սիրիացի վարձկաններ, հետևաբար, հնարավոր է, որ դեռ կրկին կօկտագործվեն Հայաստանի դեմ, ավելի մոլեռանդությամբ: Փոխանակման ճիշտ տարբերակը մեկն էր՝ բոլորը բոլորի դիմաց»,– ասել է Միքայել Համբարձումյանը:
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ող ճանապարհին, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
ՀՀ-ն իր հերթին 2020-ին Արցախում ձերբակալված սիրիացի ահաբեկիչներին է փոխանցել Սիրիային՝ Թուրքիայի միջոցով: Հայաստանը ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներին հանձնել է Սիրիային, որպեսզի վերջիններս պատժի մնացած մասը կրեն իրենց երկրում։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը:





