AM
15 Հունվար 2026 - 11:39 AMT

Լրագրողը՝ Փաշինյանին․ Կլինի՞ չգաք Չարենցավան, շատերն ասում են՝ «թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի»

Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին չայցելել Չարենցավան՝ պատարագի մասնակցելու նպատակով:

«Չարենցավանի մեծամասնության անունից ուզում եմ խնդրել, որ չգաք Չարենցավան: Կլինի՞ չգաք, շատ չարենցավանցիներ ասում են՝ թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի: Խնդրել են փոխանցել Ձեզ, այնպես չէ, որ Չարենցավանում ոգևորված են Ձեր այցով»,- ասել է լրագրողը, հայտնում է Aysor.am-ը:

Փաշինյանն արձագանքել է՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացիների քվեով ընտրված ղեկավարին որևէ մեկը չի կարող թելադրել՝ ուր գնալ և ուր չգնալ։

«Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, արտահայտել իր կարծիքը, դուք հիշում եք, որ եղան նման դեպքեր, նման փորձեր, իսկ թե ինչ եղավ հետո՝ բոլորդ եք տեղյակ»,-ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ այսուհետ ամեն կիրակի մասնակցելու է պատարագի տարբեր եկեղեցիներում, բայց փոխում է քաղաքականությունը. այլևս չի հայտարարելու, թե կոնկրետ որ եկեղեցի է գնալու: