AM
16 Հունվար 2026 - 06:42 AMT

Աբիսողոմոնյանն և Կրեսը քննարկել են ԱՄՆ-ՀՀ գործակցության զարգացումները TRIPP նախագծի շրջանակում

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Հայաստանում գտնվող ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային ղեկավար Կարլ Կրեսը քննարկել են 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ» նախագծի, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերության բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման արդյունավետությունը, մասնավորապես՝ հանդիպման նախօրեին՝ 2026 թ. հունվարի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքներով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի հրապարակումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հանձնառությունը՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակականության ապահովմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։