Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։
Ըստ «Դատալեքսի», նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, հայտնում է Panorama.am-ը:
Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին։ Այն մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Փաշինյանի հայտարարած «ՀԱԵ բարենորոգման» նախաձեռնությանը միացած եպիսկոպոսներից մեկն է
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, որի համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։





